Ազգային Ժողովի ներսում գտնվող մարդկանց թույլ չեն տալիս դուրս գալ շենքից: Ինչպես ԱԺ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Ազգային անվտանգության ծառայությունից հրահանգել են ոչ ոքի դուրս չթողնել, քանի որ դեպքի վայրում զննություն է իրականացվում:

Շենքի մոտ ԱԱԾ աշխատակիցներ են կանգնած, որոնք արգելում են լրագրողների ելքը ԱԺ շենքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել:

ԱԺ-ի NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ժամը 14:30-ի սահմաններում, միջին տարիքի մի տղամարդ դանակով ներխուժել է Ազգային ժողովի բակ եւ սպառնալիքներ հնչեցրել: Իսկ երբ ԱԺ պահպանության ծառայության աշխատակիցները նրան հրահանգել են դանակը նետել, նա չի ենթարկվել:

Ոստիկանները կապ են տվել խորհրդարանի շենքի անվտանգության աշխատակիցներին, վերջիններս եկել են, օդ են կրակել, սակայն տղամարդը չի ենթարկվել, որից հետո ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ոտքին:

Մինչ «Շտապօգնության» ժամանումը, վիրավորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել Ազգային ժողովի բժշկուհին:

Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ ԱԺ-ի տարածքը գտնվում է իրավապահների խիստ հսկողության ներքո: