Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել հիմնադրամի գործունեության հիմնական արդյունքները, մասնավորապես նշելով, որ 2006 թվականից ի վեր հիմնադրամի կողմից իրականացվող չորս վարկային ծրագրերից երեքն արդեն ավարտվել են: Ներկայում համայնքներում իրականացվող բոլոր աշխատանքներն ընթանում են 3-րդ լրացուցիչ ֆինանսավորման ներքո, որի մեկնարկից մինչ այժմ երկրի 148 համայնքներում իրականացվել է ենթակառուցվածքների վերականգնման 263 ծրագիր: Ավարտված ծրագրերի 46 տոկոսն առնչվում են հանրակրթական եւ մասնագիտական դպրոցներին, 28 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին եւ մշակույթի տներին: Ներկայում մեկ տասնյակից ավելի ծրագրեր գտնվում են ավարտական փուլում, եւս 26 ծրագրերում կատարվում են շինարարական աշխատանքներ:

Այնուհետեւ խորհուրդը հաստատել է Սոցներդրումների հիմնադրամի 2013 թ. բյուջեն եւ հավանություն տվել այս տարի իրականացվելիք մի շարք ծրագրերին:  Վարչապետ Սարգսյանը կարեւորել է դրանց իրականացումը հատկապես սոցիալապես խոցելի համայնքներում, ինչին ի պատասխան՝ Աշոտ Կիրակոսյանը նշել է, որ  ծրագրերը նախատեսվում են ՀՀ կառավարության տարածքների համաչափ զարգացման ռազմավարությանը համահունչ:

Ըստ 2013 թ. բյուջեի՝ ՀՍՆՀ-ի 3-րդ ծրագրով նախատեսված է 3.56 միլիարդ դրամ, որով կիրականացվի երեք տասնյակից ավելի ծրագրերի ֆինանսավորումը, եւս 10-12 ծրագիր կճշգրտվի մոտ ապագայում: