ԱԱԾ-ի աշխատակիցներն այս պահի դրությամբ դեռ չեն հարցաքննել ԱԺ-ի բակի տարածք դանակի սպառնալիքով ներխուժած Վրեժ Գալստյանին։ Այդ մասին ԱԺ-ի շենքում գտնող լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ-ի աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ։
Դեռեւս հայտնի չէ դրդապատճառը, որով առաջնորդվելով 25-ամյա երիտասարդը մտել է շենք։ ԱԱԾ աշխատակիցները նաեւ չհայտնեցին, թե ինչ տեսակի դանակի մասին է խոսքը, նշելով, որ դա հայտնի կդառնա փորձաքննությունից հետո։
«Զենքի սպառնալիքով նա մտել է ԱԺ անցակետ, չի ենթարկվել անվտանգության ծառայության աշխատակիցների հրահանգներին։ Մնացածն արդեն ինքներդ գիտեք»,- ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի բակում արտակարգ դեպք է գրանցվել:
ԱԺ-ի NEWS.am-ի աղբյուրները հայտնել են, որ ժամը 14:30-ի սահմաններում, միջին տարիքի մի տղամարդ դանակով ներխուժել է Ազգային ժողովի բակ եւ սպառնալիքներ հնչեցնելով հասել մինչեւ աստիճանների մոտ:
Ոստիկանության աշխատակիցները նրան հրահանգել են դանակը նետել, նա չի ենթարկվել: Ոստիկանները կապվել են խորհրդարանի շենքի անվտանգության աշխատակիցներին, վերջիններս եկել են, օդ են կրակել, սակայն տղամարդը չի ենթարկվել, որից հետո ոստիկանները ստիպված են եղել կրակել նրա ոտքին:
Մինչ «Շտապօգնության» ժամանումը, վիրավորին առաջին բուժօգնություն է ցուցաբերել Ազգային ժողովի բժշկուհին:
Վիրավոր տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, իսկ ԱԺ-ի տարածքը գտնվում է իրավապահների խիստ հսկողության ներքո:
Ազգային անվտանգության ծառայությունից հրահանգել են ոչ ոքի դուրս չթողնել ԱԺ-ից, քանի որ դեպքի վայրում զննություն է իրականացվում: Շենքի մոտ ԱԱԾ աշխատակիցներ են կանգնած, որոնք արգելում են լրագրողների ելքը ԱԺ շենքից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











