ԱՊՀ երկրներում հակաօդային պաշտպանության վերջին սերնդի Ս-400 համալիր տեղադրելու Ռուսաստանի ծրագրերը լիովին իրատեսական են՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը տեւական ժամանակ աշխատել է այդ ուղղությամբ, նաեւ Ռուսաստանն արդեն օբյեկտներ ունի հետխորհրդային որոշ երկրներում, օրինակ՝ Ուկրաինայում եւ Ադրբեջանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով, ԱՊՀ երկրներում ռուսաստանյան ՀՕՊ-երի տեղակայման հարցը առանձնահատուկ արդիականացել է Իրանի ատոմային ծրագրի շուրջ իրավիճակի լարվածության պայմաններում: «Ես կարծում եմ՝ Ռուսաստանը մտադիր է տեղակայել ՀՕՊ-երը հենց Իրանում իրավիճակը վերահսկելու համար»,- նկատել է փորձագետը՝ հավելելով, որ այդ համատեքստում Մոսկվայի ուշադրությունն առաջին հերթին ուղղվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի վրա՝ որպես Իրանին սահմանակից երկրներ: Ընդ որում, նա դժվարացավ ասել, թե ինչպիսին կլինի Վրաստանի արձագանքը, եւ ինչպես կազդի ղարաբաղյան հակամարտության չլուծվածության վրա: «Վստահ եմ, որ Ռուսաստանը ելքը կգտի»,- ասել է Սկակովը:
Հիշեցնենք, որ ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով Ռուսաստանի ՌԾՈՒ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկիին, հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է վերջին սերնդի ՀՕՊ Ս-400 համակարգեր տեղադրել ԱՊՀ երկրներում, եթե քաղաքական որոշում ընդունվի: Նա նշել էր, որ համակարգերը կարող են օգտագործվել ԱՊՀ համատեղ պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում:




























