С-400 հակաօդային եւ հրթիռային պաշտպանության համակարգերի կտեղադրվեն ՀԱՊԿ անդամ երկրներում, եթե Ռուսաստանը որոշի տրամադրել այդ ռազմավարական նշանակություն ունեցող համակարգերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույում նշեց փորձագետ Լեւոն Հովսեփյանը՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ գործում է հակաօդային պաշտպանության մասին համաձայնագիր։ Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը մինչեւ այսօր ռադիոտեղորոշման զենիթահրթիռային այս համալիրները իր տարածքից դուրս չի բերել, իսկ Ռուսաստանի ՌԾՈՒ-ի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկիի փետրվարի 17-ին С-400 համակարգի ԱՊՀ երկրներում տեղադրելու հանարավորության մասին արած հայտարարությունը խոսում այն մասին, որ Ռուսաստանը մտահոգված է Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշպնական համակարգի Թուրքիայում եւ Ռումինիայում տեղադրելու մտադրություններով։ «Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղադրումը ենթադրում է Petriot հրթիռների տեղակայում, իսկ С-400-ը կարող են մրցակցել Petriot-ների հետ»,-ասաց Հովսեփյանը։

NEWS.am-ի թղթացի հետ հարցազրույցում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ С-400 ռադիոտեղորոշման զենիթահրթիռային համակարգերը հակաօդային պաշտպանությունում հսկայական հնարավորութուն են ընձեռնում։ «С-400-ը 600 կմ-ից հայտնաբերում է մինչեւ 100 նշանակետ, իսկ 400 կմ հեռավորությունից կարող է ոչնչացնել միանգամից 24 թիրախ, ընդ որում համակարգը կարող է հայտնաբերել եւ ոչնչացնել նշանակետերը գետնի մակերեսից 10 մետր բարձրությունից մինչեւ 25-30 կմ բարձրության վրա»,- տեղեկացրեց փորձագետը՝ ընդգծելով, որ С-400-ի տրամադրման դեպքում ոչինչ չի փոխվի, եթե համակարգը գործի առանց կենտրանացված ղեկավարման կենտրոնի։ «Այդ ուղղությամբ արդեն աշխատանքները սկսվել են, քանի որ գործում է ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրների հակաօդային միասնական պաշտպանության համաձայնագիրը»,-նշեց փորձագետը։

Ըստ նրա՝ С-400-ի տեղակայման մասին հայտարարությունը ուղղված է Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանական համակարգին հավանություն տված երկրներին, NATO-ի անդամ երկրներին, եւ հատկապես Թուրքիային, քանի որ վերջինս մեծ քանակությամբ հարձակողական նշանակության ռազմական տեխնիկա է կուտակել։ «Թուրքիան ԱՄՆ-ի հետ 100 F-35 տիպի հարձակողական նշանակության նորագույն ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիր ունի, իսկ հարձակողական տեխնիկայի ավելացումը այդ երկրում չի կարող չանհանգստանել Ռուսաստանին»,- նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ С-400-ը կարող է նաեւ ոչնչացնել բալիստիկ հրթիռները, որոնցից կան արդեն Իրանում։