ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ բանակցությունների ելքից կախված`  պարզ կդառնա, ԲՀԿ-ն կվերադառանա երկրորդ առաջատար կուսակցության կարգավիճակին, թե  «Ժառանգությունը» կփորձի այդ կարգավիճակով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: NEWS.am-ի թղթակցին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով` շատ բան կախված է նրանից, թե ինչով կավարտվի ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ բանակցային գործընթացը: Անդրադառնալկով Ր. Հովհաննիսյանի վերջին առաջարկին, նա նշեց, որ դա բավականին համարձակ էր եւ կարող է ոչ միանշանակ գնահատվել նրա ընտրազանգվածի կողմից, որը ինչպես նրա եւ նրա կուսակցության համար որոշակի հնարավորություններ, այնպես էլ խնդիրներ եւ դժվարություններ է ստեղծում: «Մի կողմից հասկանալի է, որ իշխանությունների համար բացառիկ հնարավորություն կլինի ապրիլի 9 –ին, նախագահի երդմնակալության ժամանակ, կողքին ունենալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Մյուս կողմից այն պայմանները, որոնք առաջադրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, չեն կարող ողջ ծավալով իրականացվել,  քանի որ կան ուժային կառույցներ, անվտանգության ծառայության ղեկավարներ եւ այլն, որոնք Հայաստանում ավանդաբար նշանակվում են նախագահի կողմից` անկախ քաղաքական դասավորությունից  կամ ներքաղաքական իրավիճակից»,-նշեց քաղաքագետը` ընդգծելով, որ այդ հարցում Սերժ Սարգսյանը զիջումների չի գնա:

Սերգեյ Մինասյանը նաեւ չբացառեց, որ գործող նախագահը կարող է պատասխան առաջարկություն անել, մասնավորապես, պորտֆելների ցանկը կարող է ավելացվել կառավարող կուսակցության կողմից: «Սակայն ԱԳ նախարարի, ազգային անվտանգության ծառայության կամ գլխավոր դատախազի դեպքում, կարծում եմ, սակարկությունը տեղին չէ»,-ընդգծեց նա` ավելացնելով, որ ամեն դեպքում իշխանությունները պետք է համապատասխան կերպով արձագանքեն: