Հայ ազգային կոնգրես դաշինքի նակին ու ներկա անդամ կուսակցություններից մի քանիսն են մասնակցում ընտրություններին: Ըստ որում` նրանց մի մասը մասնակցում է նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակով, մյուս մասը` «Բարեւ, Երեւան» դաշինքով, չմասնակցողների մի մասն էլ սատարում է ՀԱԿ-ին, մյուս մասը՝ «Ժառանգությանը»:
Այսպես, Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք», Մանուել Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» եւ Պահպանողական կուսակցություններից ներկայացուցիչներ են ընդգրկված «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակում: Իսկ ՍԴՀԿ-ից եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունից մեկական անձ ընդգրկվել է ՀԱԿ համամասնական ցուցակում:
«Հայոց հայրենիք» կուսակցությունը չի մասնակցում ավագանու ընտրություններին, բայց կուսակցության արդեն նախկին անդամ Անահիտ Եղոյանն ընդգրկված է ՀԱԿ համամասնական ցուցակում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ «Հայոց հայրենիքը» պետք է լուծարվի եւ միանա ՀԱԿ-ին, քանի որ կուսակցությունը լուծարում է համագումարը, իսկ այն տեղի կունենա օգոստոսին, ինքը դուրս է եկել կուսակցությունից եւ անդամագրվել ՀԱԿ-ին: «Հայոց հայրենիքն» էլ որոշում է կայացրել սատարել ՀԱԿ-ին: Իսկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց, որ թեեւ ՍԴՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, բայց միանշանակ սատարելու են ՀԱԿ-ին: Իրենց ցանկությամբ ՍԴՀԿ-ից միայն մեկ հոգի` Համբարձում Եղիազարյանը, ընդգրկվել է ՀԱԿ համամասնական ցուցակում:
«Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջնորդ Գառնիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չեն մասնակցում ընտրություններին, բայց մյուս շաբաթ կորոշեն, թե ում սատարել կամ չսատարել: Հայաստանի լիբերալ կուսակցությունը եւս չի մասնակցում ընտրություններին, որեւէ մեկին սատարելու որոշում առայժմ չունեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Ընտրություններին չմասնակցող Կանաչների կուսակցությունը եւս որեւէ մեկին սատարելու որոշում չունի: Կուսակցության ղեկավար Արմենակ Դովլաթյանն ասաց, որ կքննարկեն եւ կորոշեն: Ընտրություններին չմասնակցող Սոս Գիմիշյանը եւ նրա ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը սատարելու են «Բարեւ, Երեւան» դաշինքին: Սոս Գիմիշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց չմասնակցությունը մեծ կորուստ չէ, առանձին չեն մասնակցում, որ չխանգարեն, բայց որոշում ունեն սատարել Րաֆֆի Հովհաննիսյանին, շարունակում են մասնակցել նրա հանրահավաքներին: Իսկ թե ինչու չեն սատարում նախկին գործընկեր ՀԱԿ-ին, Սոս Գիմիշյանն ասաց, որ ՀԱԿ կուսակցության հետ գործ չունեն, բաժանվել են: «Մեր անունը վերցրեց իր վրա դրեց, հայտարարեց, որ ՀԱԿ կուսակցությունների դաշինքը չկա, դա բարեկամաբար քայլեր չեն, որ բարեկամաբար վերաբերվենք: Իրենք գնացել են, որովհետեւ իրենց համար պրոբլեմ էր մեր դիրքորոշումը, հլու-հնազանդ չեն ենթարկվում վերեւից եկող որոշումներին»,- նշեց նա: Սոս Գիմիշյանը տեղեկացրեց, որ վերջերս ՀԱԿ դաշինքի անդամներով հավաքվել են, որոշել են, որ մոտակա ժամանակներս նիստ կգումարեն, ինչպես նաեւ արձանագրել են, որ բոլորը ազատ են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել, չմասնակցելու եւ սատարել, չսատարելու հարցերում:
ՀԱԿ անդամ կամ նախկին անդամ կուսակցություններից Երեւանի ավագանու ընտրություններին չեն մասնակցում եւ որեւէ մեկին սատարելու մասին չեն հայտարարել նաեւ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատությունը», Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» եւ այլն: ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ կուսակցության սատարելու որոշում չունեն, բայց ինքը իր ձայնը կտա Վահագն Խաչատրյանին:




























