Այսօր` մարտի 25-ին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել է Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնիի դիտարան։
Արթուր Բաղդասարյանն ու Արմեն Երիցյանը շրջայց են կատարել դիտարանում, տեղում ուսումնասիրել դիտարանի ներկա վիճակը, քննարկել վերագործարկման եւ վերազինման հնարավորությունները:
Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, իր խոսքում նշել է. «Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկումը շատ կարեւոր նշանակություն ունի ազգային անվտանգության ապահովման համար: Այս համալիրն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար: Ես մի քանի օր առաջ այցելեցի Բյուրականի աստղադիտարան, որը համարվում է ազգային արժեք: Ես կարծում եմ, որ այս համալիրը նույնպես պետք է դասել ազգային արժեքների շարքին, որովհետեւ աշխարհում երկրորդ հզորագույն ենթակառուցվածքն է: Այն հնարավորություն է տալիս իրականացնել լուրջ վերլուծություններ սեյսմիկ անվտանգության ապահովման գործում: 12 000 կմ շառավղով գործող կայանը ի զորու է կանխատեսել երկրաշարժը առնվազն 18 ժամ առաջ` հնարավորություն տալով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Մենք, oգտագործելով այս կայանի հզորությունները, կարող ենք ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ավելի հեռավոր տիրույթում լուրջ աջակցություն ցուցաբերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը այլ նաեւ բազմաթիվ այլ երկրների: Կարճ ժամկետներում դիտարանը կվերազինվի եւ կվերագործարկվի»:
Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ֆինանսական ռեսուրսներ են ներգրավվելու կայանը արդիականացնելու եւ ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու համար: Խորացվելու է նաեւ միջազգային համագործակցությունը նմանատիպ կայանների հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստան բերել աշխարհի` այս ոլորտում լավագույն փորձն ու գիտելիքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր եւ ավելի հուսալի դիտարկումների վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղեւի լարված դեֆորմացիոն վիճակը, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը, եւ որպես հեռահար կարեւորագույն գիտական եւ սոցիալական խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:
Արմեն Երիցյանը նույնպես վստահություն է հայտնել, որ շատ կարճ ժամկետներում հնարավոր կլինի իրականություն դարձնել դիտարանի վերագործարկման ծրագիրը եւ արդյունավետ աշխատանքը:




























