Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր՝ մարտի 25-ին, այցելել է «Արմենիկում» կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաեւ Արմենիկում դեղամիջոցի կիրառման շրջանակներին։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը նախ շրջել է կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ Այնուհետեւ մասնագետները նախարարին մանրամասն ներկայացրել են դեղամիջոցի քիմիական բաղադրությունը, դրա հակավիրուսային, հակաբորբոքային, իմունակարգավորող, հակասեպտիկ եւ այլ հատկությունները։ Նշվել է, որ Հայաստանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում գրանցված դեղը ներկայումս լայն կիրառում ունի։ Հայաստանում եւ Սանկտ Պետերբուրգում վերջին տարիներին կատարված կլինիկական փորձարկումների արդյունքները վկայում են, որ Արմենիկումը, ի տարբերություն շատ այլ միջոցների, չի վնասում առողջ բջիջները, չունի կողմնակի ազդեցություններ, ներազդում է բացիլների կայուն ձեւերի վրա։ Մասնագետները նաեւ կարծիք հատնել են, որ որպես բաց վերքերի սպեղանի, հաջող քննություն է բռնում Արմենիկումի քսուքը։

Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ամփոփել մինչեւ այժմ արված հետազոտական ու կլինիկական բոլոր փորձարկումների արդյուքները, դրանք համեմատել դեղի միջազգային շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ, եւ կազմել հստակ ծրագիր ու գործողությունների ժամանակացույց։ Նախարարն առաջարկել է սկզբնական շրջանում Արմենիկումի հետագա գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումներն իրականացնել  որպես հակավիրուսային եւ իմունակարգավորիչ միջոց։ Նա կենտրոնի մասնագետներին հանձնարարել է այդ աշխատանքներն իրականացնել ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ։

«Մենք պետք է ավելի համակարգված աշխատանքներ տանենք, որպեսզի գիտական ու կլինիկական լուրջ հիմնավորումներով ընդլայնենք Արմենիկումի գործածության շրջանակները»,-ասել է նախարար Դումանյանը` հանձնարարելով նախապատրաստել հարցի քննարկումը կոլեգիայի առաջիկա նիստերից մեկում։