Այսօր՝ մարտի 25-ին, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման հիմնական թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի պատրաստության հարցն էր։
Մինչ հարցին անցնելը՝ ԱԺ նախագահը, որպես անցած շաբաթվա ուշագրավ իրադարձությունների, հակիրճ անդրադարձել է Արցախ-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանում Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ստեղծման իրողություններին։ Նրա խոսքով՝ փաստորեն սկիզբ է առնում եւ հետեւողական զարգացում պետք է ստանա մի գործընթաց, որը, բնականաբար, ի լրումն Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության, նոր բովանդակություն ու որակ կհաղորդի Ազգային ժողովի արտաքին կապերին ու շփումներին։
Այնուհետեւ, քննության է առնվել շրջանառության մեջ գտնվող եւ նախնական քննարկումների փուլն անցած օրենքների նախագծերի պատրաստության վիճակը։ Այդ կապակցությամբ լսվել են գլխադասային հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվել է լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվել առաջիկա անելիքները, տրվել համապատասխան հանձնարարականներ։
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է մարտի 27-ին, ԱԺ նիստերի մեծ դահլիճում։




























