Հյուսիսային կիսագնդի հարյուրավոր քաղաքներ ծածկած ձյունը կլիմայական գլոբալ փոփոխությունների դրսեւորում են, պնդում են գիտնականները եւ Երկրի բնակիչներին խորհուրդ տալիս ընտելանալ եղանակին, որը նախկինում շատ հազվադեպ էր դիտվում:
Բրիտանական կառավարության գիտական խորհրդական, պրոֆեսոր Ջոն Բեդինգթոնը The Independent-ին հայտնել է, որ գիտնականները գլոբալ տաքացման գաղափարից անցում են կատարել կլիմայական փոփոխությունների հայեցակարգին:
«Այո, մոլորակի ջերմաստիճանն աճում է, բայց առավել կարեւոր է, որ դրանով հանդերձ եղանակն ավելի փոփոխական է դառնում», - ասել է նա:
Պրոֆեսորը բացատրել է, որ անոմալ համարվող եղանակը առավել հաճախ կդիտվի: Խոսքը ձյան, հեղեղների, քամիների, փոթորիկների եւ ծայրահեղ տապի մասին է: Մասնագետները կարծում են, որ գլոբալ տաքացման հետեւանքով մթնոլորտում եւ օվկիանոսներում կուտակված էներգիան մեծանում է, այդ պատճառով տվյալ էներգիան տարանջատվելիս եղանակային ինտենսիվ գործընթացները կհաճախանան, հայտնում է utro.ru-ն:
Հիշեցնենք, որ մարտի 23, 24-ին անոմալ ձյուն էր տեղացել Ռուսաստանում եւ Ուկրաինայում, ձյունով պատված են բելառուսական քաղաքները: Նման իրավիճակ է ամբողջ Հյուսիսային կիսագնդում. Ճապոնիայում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում եւ Կանադայում ձյունը կաթվածահար է անում ճանապարհային երթեւեկությունը:
Կլիմայագետները նշում են, որ 1910թ.-ի համեմատ մոլորակի ջերմաստիճանը մեկով բարձրացել է, ինչը մթնոլորտում եւ օվկիանոսներում պահեստավորված ջերմային էներգիայի հսկայական աճ է նշանակում: Քանի որ մոլորակում ջերմաստիճանը հավասարաչափ չի բաշխվում, աճում է եղանակային ցանկացած անոմալիայի հավանականությունը՝ երաշտ, փոթորիկ, ջրհեղեղ, ձյուն, սառնամանիք:




























