Yahoo! համացանցային կորպորացիան գնել է 17-ամյա բրիտանացի Նիկ Դ`Ալոիզոյի կողմից ստեղծված լրատվական Summly ագրեգատորը, հաղորդվել է ընկերության բլոգում: Գործարքի արժեքի մասին ոչինչ չի հաղորդվել:
London Evening Standard-ը հայտնել է, որ համացանցային ընկերությունը Summly-ի համար վճարել է 20-40 միլիոն ֆունտ սթերլինգ: All Things Digital-ը գործարքը գնահատել է 30 միլիոն ֆունտ ստերլինգ:
Summly-ն իրենից ներկայացնում է iOS-ի համար անվճար ծառայություն` լուրեր կարդալու համար: Ծրագիրը ցույց չի տալիս նշված տեքստն ամբողջությամբ, այլ կազմում է նրա կարճ թեմատիկ «ռեֆերատ»-ը: Դ`Ալոիզոն, որը գործարքի արդյունքում աշխատանքի է ընդունվել Yahoo!-ում, ծառայությունը մշակել է 2011 թվականին, 15 տարեկան հասակում:
Yahoo!-ն հայտարարել է, որ փակելու է Summly-ն: Ընկերությունը մտադիր է Դ`Ալոիզոյի կողմից ստեղծված լրատվական տեքստերի վերլուծական ալգորիթմը տեղադրել իր մոբիլային ծառայություններում:



























