ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի զարմանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ ՀԱԿ-ին ուղղված քննադատական հայտարարությունների վրա, ավելին` մտածում էր, թե այդ մասին շատ ավելի շուտ կխոսեն:

Անդրադառնալով Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը, թե Հայ ազգային կոնգրես խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր պայքարում են այս շարժման դեմ, նա նշեց հետեւյալը. «Մենք ո՞նց կարող ենք ժողովրդական շարժման դեմ պայքարել, ուղղակի շարժման ընթացքի վերաբերյալ ունենք մեր մոտեցումը, տեսակետը, որը չի համընկնում այն մարտավարության հետ, որը վարում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մենք դա հաղթական չենք տեսնում: Որպես բաց, առողջ քաղաքական ուժ` մենք մեր տեսակետը ազնվորեն ներկայացնում ենք մամուլին, պետք է կարողանալ եւ քննադատություններ լսել, եւ ընդդիմախոսներին լսել: Իսկ ի՞նչ է` Րաֆֆի Հովհաննիսյանը ակնկալում էր, որ պետք է հիանան եւ գովեստի խոսքե՞ր հնչեցնեն իր հասցեին»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով`  այն, ինչ ասվել է ՍԴՀԿ-ի կողմից, կարծես թե մինչեւ հիմա հաստատվել է: Պատգամավորն ասաց, որ իրենք այդ մարտավարության մեջ չեն տեսնում մի քայլ, որը կարող է  արտահայտել ժողովրդի ցանկությունները: «Ավելին` կարծում եմ, որ տվյալ պարագայում ժողովուրդն արտահայտում է մի բան, Րաֆֆի Հովհաննիսյանը` հավանաբար մեկ այլ բան: Մենք` որպես ժողովրդի կողմնակից, չենք կարող համամիտ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի շատ քայլերի հետ»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով վերլուծություններին, թե ՀԱԿ-ը խանդում է «Ժառանգությանը», Լյուդմիլա Սարգսյանը, «շատ հարգելով Րաֆֆի Հովհաննիսյանին», հուշեց, որ ՀԱԿ-ի արմատական, տիտղոսավոր ընդդիմության ընտրազանգվածը միշտ մնալու է իր առաջնորդի կողքին, եւ եթե ընտրությունների ընթացքում ձայները տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հանձնաժողովի իրենց  անդամներն էլ աջակցել են Րաֆֆի Հովհաննիսյանին, դրանից միայն պետք է շնորհակալ լինել եւ գնահատել»:

«Իսկ իրենց ընտրազանգվածը միշտ մնում է ՀԱԿ-ի ընտրազանգվածը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը: Եթե մենք այլ մղումներ ունենայինք,այդ ընտրազանգվածը Ազատության հրապարակում չէր լինի, բայց մենք գտնում ենք, որ եթե ժողովուրդն ուզում է արդարության հասնել, ժողովուրդը պայքարում է հանուն արդարության: Խանդի խնդիր չկա, Լեւոն Տեր Պետրոսյանի կողքին ո՞ւմ կարող ենք մենք խանդել»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նշենք, որ այսօր` մարտի 26-ին, Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ  «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, թե Հայ ազգային կոնգրես խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր պայքարում են այս շարժման դեմ: Նա ասել էր, որ այդ խմբակցության մեջ իրենք ունեն շատ լավ ընկերներ, բայց այդ խմբակցության որոշ ներկայացուցիչներ իրենց գնահատականներով չեն տարբերվում ՀՀԿ-ականների հնչեցրած գնահատականներից: Նա խորհուրդ է տվել իշխանությունների հետ միասին չլծվել` հարվածելու շարժմանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am