Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը տրամաբանական է համարում Հայաստանի նախագահի նախկին թեկնածուների շուրջ ստեղված իրավիճակը: Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ՝ ի պատասխան հարցի, թե արդյոք շատ չե՞ն նախկին թեկնածուների հետ կապված միջադեպերը:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու, ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա, հետո այդ մահափորձի կազմակերպման մեղադրանքով կալանավորվել էր նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը,  իսկ նախօրեին «Ժառանգությունը» հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ ուղղված մահափորձի մասին:

Մեկնաբանելով այդ իրավիճակը, քաղաքագետը նշեց, որ բոլոր ընտրություններում թեկնածուների մի մասն ունի ռեսուրսներ, մյուս մասը՝ չունի: Նրանք, ովքեր ունեն ռեսուրսներ, հենվում են այդ ռեսուրսների վրա, իսկ նրանք ովքեր չունեն, բնականաբար, չեն կարող օգտվել չեղած ռեսուրսներից եւ դա փոխհատուցում են էպատաժային իրադարձություններով:

«Ի՞նչ է մնում նրանց անել, որպեսզի հասնեն ձեզ՝ լրագրողներիդ կամ ընտրողներին»,-ամփոփեց Իսկանդարյանը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am