Հայաստանի հանրապետական կուսակցության գլխավոր խնդիրն այն չէ, որպեսզի երկրի իշխանական համակարգում հնարավորինս շատ տեղեր զբաղեցնի, մենք փորձում ենք ճիշտ կառավարել եւ ավելի լայն շրջանակների ներգրավել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի հետ հետագայում հնարավոր համագործակցությանը, նա նշեց, որ այդ կուսակցության ներկայացուցիչներն արդար չեն, թեկուզ այն պարզ պատճառով, որ Երեւանի ավագանու աշխատանքների 4 տարիների ընթացքում նրանք ոչինչ չեն ասել եւ միայն վերջին երկու ամիսներին սկսել են քննադատել մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի աշխատանքները: «Դա անազնիվ է, առնվազն ընտրողների, երեւանցիների նկատմամբ, ովքեր, այսպես կոչված, «հոգատար ձեռքի» կարիք ունեն»,-ասաց Սահակյանը:

«Եթե ԲՀԿ-ն հետագայում եւս ցանկություն հայտնի մտնել կոալիցիա, ապա այդ հարցի նպատակահարմարությունը քննարկման կարիք կունենա»,-ամփոփեց ՀՀԿ-ական գործիչը: