NEWS.am-ի հարցազրույցը՝ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանի հետ:
Պրն. Կարապետյան, մոլիբդենի միջազգային գները շարունակում են նվազել: Եթե այդ միտումը շարունակվի, կշարունակե՞ք ֆեռոմոլիբդենի արտադրությունը:
Ներկայում մոլիբդենի գներն իրոք ցածր են: Կարելի է ասել՝ 3 անգամ ավելի ցածր, քան նախաճգնաժամային շրջանում, երբ 1 տոննայի հաշվարկով մոլիբդենի գինը 70-80 հազ. դոլար էր; Ներկայում տոննան արժե 27,5 հազ. դոլար: Թե որքան կշարունակվի մոլիբդենի գնանկումը՝ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ 20 դոլար/1 կգ հաշվարկով մենք վստահաբար կշարունակենք աշխատել;
Նպատակահարմար համարո՞ւմ եք նաեւ ֆեռոմոլիբդենի հետագա վերամշակում կազմակերպել Հայաստանում:
Մոլիբդենի շուկայում հիմնական պահանջարկը ներկայանում է ֆեռոմոլիբդենի տեսքով: Կան նաեւ մոլիբդենից թիթեղներ, լարեր, բայց դրանց շուկան շատ սահմանափակ է: Կարող ենք ներդրումներ անել ու արտադրել, բայց իրացման խնդիր կառաջանա; Իսկ ֆեռոմոլիբդեն կարող ենք իրացնել այնքան, որքան արտադրում ենք; Ներկայում տարեկան մոտ 3000 տոննա ֆեռոմոլիբդեն ենք արտադրում:
Վերջին շրջանում Չինաստանն էժան ֆեռոմոլիբդեն է մատակարարում միջազգային շուկային, ու որքան տեղյակ եմ՝ համարյա ամբողջությամբ վերցրել է ուկրաինական շուկան: Դա ձեզ համար խնդիրներ չի՞ ստեղծում:
Մենք համարյա ամեն օր Ուկրաինայից ֆեռոմոլիբդենի հայտ ենք ստանում, սակայն գրեթե ողջ արտադրանքն ուղարկում ենք Եվրամիության երկրներ; Բարձր կարգի, եվրոպական ստանդարտներին համապատասխանող ֆեռոմոլիբդեն ենք արտադրում, իրացման խնդիր ընդհանրապես չունենք:
Իսկ ճի՞շտ է, որ այս շուկայում Չինաստանը հատուկ դեմպինգ է իրականացնում:
Չեմ կարող ասել: Գների նվազումը պայմանավորված է եւ ամերիկյան, եւ եվրոպական գործոններով: Չժանգոտվող պողպատի արտադրության ծավալների նվազում կա, շատ գործարաններ կանգնած են: Չժանգոտվող պողպատի սպառման հիմնական շուկաները դարձել են Չինաստանը, Վիետնամը, Ճապոնիան;
Դուք նախկինում ֆեռոմոլիբդենի հումք ներկրում էիք արտասահմանից: Հնարավո՞ր է՝ վերսկսեք ներկրումը:
Այո: Մենք շահագործման ենք հանձնել հիդրոմետալուրգիական կոմպլեքս: Դա մեզ հնարավորություն է տալիս ներմուծել ցածր որակի, մոլիբդենի քիչ պարունակությամբ կատալիզատորներ ու ստանալ ֆեռոմոլիբդեն: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը



























