Եթե իշխանությունը ցանկանա այդ համալիր փաստաթղթի հիման վրա մեկնարկել բանակցությունը, ապա ես պատրաստ եմ եւ որեւէ մտավախություն չունեմ: Այս մասին այսօր` մարտի 27-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ, մարտի 10-ից հացադուլ անող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով` փետրվարի 18-ից հաղթանակած դուրս եկած ժողովուրդը եւս պատրաստ է բազմաճակատ պայքարի եւ որեւէ հակասություն չկա: Նախագահի նախկին թեկնածուն նշեց, որ հանրային շահը գտնվում է Ազատության հրապարակում, իսկ Սերժ Սարգսյանի ձայների մեծ մասը կեղծիքի, ստի վրա են հիմնված:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի նամակում տեղ գտած որոշ որակումների, նա նշեց, որ որեւէ վիրավորանք չի ընդունում նույնիսկ պաշտոնական նամակներում: Նա չի կարծում, թե իրենց ուղարկած առաջարկը տեքստը հում է, այն համալիր առաջարկ է: Իսկ չարախոսներին, չարաճճի չարակամներին, ովքեր այս ամենը 3-4 պաշտոնի մասին առեւտուր են ներկայացնում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, որ չարաչար սխալվել են եւ կոչ անում ընթերցել եւ տեսնել, որ այնտեղ կա իշխանության եւ ժողովրդի միջեւ պատասխանատվության կիսում:
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանում միակ լեգիտիմ իշխանությունը ժողովուրդն է, եւ կեղծ պատճառաբանություն է, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր չեն, իրականում եթե կա քաղաքական կամք, ապա հնարավոր է:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու առաջարկ է ներկայացրել Սերժ Սարգսյանին, առաջինը նախագահական արտահերթ ընտրություններն են, Սերժ Սարգսյանի ինքնաբացարկ, երկրորդը` նվազագույն շեմն է` արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ընտրակարգով, «կեղծարար» մարզպետների, գյուղապետերի փոփոխություն եւ վերահսկողական բնույթի ոլորտների ղեկավարման հանձնում իրենց:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











