Հայաստանցի 3 փոքրիկ նկարիչներ ներառվել են Ճապոնիայում տեղի ունեցած մանկական գեղարվեստական մրցույթի հաղթողների շարքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Խիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը՝ հավելելով, որ Ճապոնիայում «Խիկարի հոմ» կազմակերպությունն ամեն տարի մանկական մրցույթներ է անցկանում: «Նախորդ տարի հայտարարված մրցույթին մասնակցելու համար ճապոնական կողմը մեզ հատուկ հրավեր էր ուղարկել: Մենք ուղարկել էինք 29 աշխատանքներ»,-ասաց Փիլիպոսյանը՝ հավելելով, որ այս անգամ մրցույթին մասնակցում էին 74 երկրների ներկայացուցիչներ:
Մրցույթի արդյունքներով՝ 10-ամյա Անի Շախկուլյանն իր «Երեւանյան շուկա» նկարով զբաղեցրել է առաջին տեղը՝ Ոսկե մեդալի արժանացածների շրջանում: Արթուր Կույումջյանը եւ Ջեմա Գոնսկայան արժանացել են արծաթե մեդալների: «Մեզ համար սա մեծ հաղթանակ է»,-ընդգծեց Կարինե Փիլիպոսյանը:



























