Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը մարտի 26-ին վերջնականապես հաստատել է  շենքի վերանորոգման ֆինանսավորման նախագիծը, որտեղ տեղակայվելու է հայ-ճապոնական գիտակրթական «Հիկարի» մշակութային կենտրոնը: Գրանտային ծրագիրն (120 հազար դոլար) այդպես էլ կոչվում է՝ «Խիկարի կենտրոնի բարեկարգման ծրագիր»:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարինե Փիլիպոսյանը հայտնել է, որ վերանորոգման աշխատանքները կսկսվեն ապրիլի 1-ից: «Ծրագրի նախապատրաստումը տեւել է երեք տարի, այն այս կամ այն պատճառներով ձգձգվում էր: Սակայն ես վստահ եմ, որ գեղեցիկ եւ բարի երազանքները միշտ էլ իրականանում են, եթե շարունակես սպասել եւ հավատալ», - նշել է Կարինե Փիլիպոսյանը: Կենտրոնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր աջակցողներին՝ առաջին հերթին Հայաստանի ԱԳՆ-ին եւ, հատկապես, Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանին, մշակույթի նախարարությանը, ՀՀ կառավարությանն առընթեր բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին՝ պարոն Տեր-Սիմոնյանի գլխավորությամբ եւ, իհարկե, Ճապոնիային:

Շենքը տրամադրվել է անվճար՝ 15 տարով: Կենտրոնում կլինի ներկայացումների դահլիճ, ցուցասրահ, 50 տեղանոց փոքր կինոթատրոն, կերամիկայի փոքր վառարան, արհեստանոցներ, լեզվի դասարաններ, թեյախմության սենյակ, գրադարան, ճապոնական ոճի փոքր այգի, ընդ որում՝ արդեն խոստացել են Երեւան  բերել սակուրայի տնկիներ: Վերանորոգումը կավարտվի տարեվերջին: Կենտրոն այցելել ցանկացողների համար տարիքային կամ այլ սահմանափակումներ չեն լինի: