Անկասկած, Լիտվա-Ղարաբաղ բարեկամության խորհրդարանական խումբը կշարունակի իր գոյությունը: Իրավական որեւէ հնարավորություն չկա դադարեցնելու պատգամավորների մասնակցությունն այդ խմբին, բոլոր խորհրդարանականներն ունեն ազատ մանդատ, եւ ազատ են գործելու իրենց խղճի եւ բանականությանը համապատասխան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լիտվայի Սեյմի պատգամավոր, «Հայրենիքի միություն»-Քրիստոնյա դեմոկրատներ կուսակցության անդամ, Լիտվա-Ղարաբաղ խմբի անդամ Կեստուտիս Մասիյուլիսը:

Նրա խոսքով, ինքն ընդգրկվել է Լիտվա-Ղարաբաղ խմբում` հիշելով «Սայուդիս» շարժման տարիները, երբ աջակցություն էր հայտնվում Ղարաբաղի ժողովրդի` անկախության խաղաղ որոշմանը. «Այն ժամանակ հանրահավաքներ էին, մենք ձգտում էին վերադարձնել կորած անկախությունը, եւ հանրահավաքներից մեկում Ղարաբաղին աջակցելու հռչակագիր ենք ընդունել: Ի՞նչ է փոխվել 20 տարում: Պետք է հետեւողական լինել, սա իմ հիմնական դրդապատճառն է»:

Պատգամավորը նաեւ հույս է հայտնել, որ նման խմբի ստեղծումը նպաստում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հարցին, թե ինչպես է գնահատում հանգամանքը, որ խորհրդարանի որոշ գործընկերներ խնդրել են մտածել նախաձեռնությանը մասնակցելու նպատակահարմարության մասին, պատգամավորը նշել է, թե հասկանում է թե այս, այն կողմին. «Ժողովրդավարական գործընթացներն անհնար են առանց վեճերի եւ քննարկումների: Ես ինքս մի քանի քննարկման մասնակից եմ եղել այդ թեմայով: Կարծիք կա, որ նման աջակցությունը կարող է խոչընդոտ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Սակայն մեր նպատակը` այդ հարաբերությունները կարգավորելն է»: