ՄԱԿ-ում չի հաջողվել պայմանավորվածության հասնել աշխարհում զենք վաճառելու հարցի շուրջ: 10 օր տեւած քննարկումների արդյունքում Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Սիրիան դեմ են արտահայտվել առաջարկված պայմանագրի ընդունմանը, հայտնում է RT-ն:

«Այստեղ գրված չէ պետությունների ինքնապաշտպանության, ագրեսիայից պաշտպանվելու եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու իրավունքի մասին», - ասել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մուհամեդ Խազային:

Այդ երկրի ներկայացուցիչները պայմանագիրն «անհավասարակշիռ» են անվանել՝ մատնանշելով, որ համաձայնագրում բավական հստակ սահմանված չէ ահաբեկիչներին զենք վաճառելու արգելքը: Սիրիան պնդում է, որ փաստաթղթում պետք է ներառվեն դրույթներ, որոնցով արգելվի երկրում մարտնչող ընդդիմությանը զենք մատակարարելը:

Ավելի վաղ այդ երկրները ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների էին ենթարկվել, այդ թվում՝ զենքի մատակարարման համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, Ռուսաստանը, Գերմանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ հավանություն են տվել փաստաթղթին: Ռուսաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ անընդունելի դրույթներ փաստաթղթում չեն տեսնում:

Փաստաթուղթն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի 193 անդամ երկրների հավանությունը: Եթե փաստաթղթի հարցում համաձայնության չգան, նախագիծը կարող է քվեարկության դրվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ դրա ընդունման համար բավարար կլինի կազմակերպության անդամ երկրների երկու երրորդի համաձայնությունը: