NEWS.am-ի թղթակից Անահիտ Սարգսյանը գիտության հիմնախնդիրների լուսաբանման լրագրողական մրցույթի հաղթող է ճանաչվել, որը հայտարարել էր ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Երկրորդ մրցանակն ստացել է ազատ լրագրող Մանե Հակոբյանը, երրորդը՝ Հրայր Մանուկյանն Armenia TV-ից: Մրցույթի մրցանակակիրները հայտարարվել են այսօր՝ մարտի 29-ին, «Էրեբունի պլազայում»:
Մրցույթի բոլոր մասնակիցները դրամական պարգեւներ են ստացել: Առաջին երեք մրցանակակիրներն ստացել են 500 000, 400 000 եւ 300 000 դրամ, մնացած 11 մասնակիցները՝ 150 000-ական դրամ:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության ներկայացուցիչ, պրոֆեսոր, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը, կարճ ներկայացնելով Հայաստանում գիտության գլոբալ խնդիրները, հավելել է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ նախագծերը որոշակի մշակույթ են ձեւավորում, որը հնարավորություն է տալիս պետության ուշադրությունը հրավիրել գիտության խնդիրների վրա: Իշխանյանը նաեւ նշել է, որ գիտական հոդվածների նկատմամբ ուշադրությունը զգալի մեծացել է:
Մրցույթի հաղթող Անահիտ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ մրցույթի բոլոր մասնակիցները մեկ ընդհանուր գործ են արել՝ ամեն մեկը յուրովի եւ իր ոճով, իսկ միասին միասնական պաննո են ստեղծել, որում մաս առ մաս ձեւավորել են հայկական գիտության համար արդիական խնդիրների ընդհանուր պատկերը:




























