ԱԺ միջազգային խորհրդարանական կառույցներում  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորների փոխարեն ընդգրկվել  են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ-ի կայքից:

«Քանի որ նրանք հայտարարել էին, որ չեն ներկայացնում խմբակցությունը, խմբակցությունը պետք է օգտվեր իր իրավունքից, օրենքի սահմաններում ներկայանար բոլոր հնարավոր հանձնաժողովներում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե որում է փոփոխություն կատարվել եւ որում չի կատարվել: «Ես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն եմ, շարունակում եմ իմ աշխատանքը»,- նշեց նա:

Նշենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դիմել է ԱԺ ղեկավարությանը` խնդրելով ԱԺ մշտական հանձնաժողովներում, միջազգային խորհրդարանական կառույցներում  եւ բարեկամական խմբերում ընդգրկել խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանին, Զարուհի Փոստանջյսնին, Թեւան Պողոսյանին: Խնդիրն այն է, որ երբ խորհրդարանը ձեւավորվում է, խմբակցությունները ներկայացնում են իրենց ներկայացուցիչներին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ տարաձայնություններից հետո «Ժառանգությունը» փաստորեն հանդես է եկել նոր առաջարկով եւ ցանկանում է հենց իր կուսակցության պատգամավորներին ընգրկել խմբերում, պատվիրակություններում:

Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահն է, եւ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ այդ պաշտոնից: «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության պատգամավորներ Խաչատուր Քոքեբելյանը վերջերս դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել անկախ պատգամավոր: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ ձեւական մնում է  «Ժառանգության» կազմում, բայց չի ներկայացնում խմբակցությունը եւ պատասխանատվություն չի կրում խմբակցության գործունեության համար: