Գիտնականները պարզել են Աֆրիկայի հարավ-արեւմուտքում գտնվող այսպես կոչված «կախարդական օղակի» (fairy circle) գաղտնիքը: Բացահայտման հեղինակը գերմանացի գիտնական Նորբերտ Յուրգենսն է, որի աշխատանքի արդյունքներն ամբողջությամբ հրապարակվել են «Science» ամսագրում:
fairy circle-ը երկուսից մինչեւ 40 մ տրամագծով մշտականաչ օղակ է, որի կենտրոնում չոր, անկյանք հող է: Նման օղակներ լայնորեն տարածված են անապատում, նրանք գոյություն են ունենում նույն վայրում մինչեւ 75 տարի, հայտնվում եւ անհետանում են առանց որեւէ պատճառի:
Նախկինում գիտնականները դրանց առաջացումը բացատրում էին հողի առանձնահատկություններով, մրջյունների գործունեությամբ: Ինչպես նշում է Յուրգենսը, վերջին ենթադրությունն ամենամոտն է իրականությանը, միայն թե մրջյունները կապ չունեն:
Յուրգենսը, մասնավորապես, պարզաբանել է, որ օղակները ծուղակի դեր են կատարում անապատում թանկարժեք խոնավության համար. քանի որ նրանց կենտրոնում բուսականություն չկա, որը կկլանի ջուրը, ապա այն ավազի միջոցով ներծծվում է, եւ այդ թաքնված ռեզերվուարի հաշվին էլ սնվում է օղակի եզրային մասը:




























