EMV (Europay, MasterCard, Visa) արձանագրությամբ բանկային քարտերի խոցելիությունը կամ քարտերի կեղծման հավանականության մասին հայտարարությունը հերթական հայտնագործությունն է, որին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ օրական մոտ մի քանի հարյուր այդպիսի հայտնագործություններ, բացահայտումներ կամ կարծիքներ են հնչում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Արարատ» բանկի վարչության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը՝ ավելացնելով, որ չիպային քարտերը նոր տեխնոլոգիա են եւ շատ ավելի պաշտպանված են, քան սովորական քարտերը, թեեւ վերջիններս եւս բավական պաշտպանված են եւ հեշտ խոցելի չեն։
«Նոր սերնդի քարտերը՝ չիպային քարտերը, շատ ավելի պաշտպանված են, քան մագնիսական ժապավենով քարտերը»,- ասաց Ա. Մանուկյանը՝ ավելացնելով, որ MasterCard, Visa եւ այլն, Հայաստանում տրամադրել կարող են ոչ բոլոր ընկերությունները, դրա համար արտոնագիր է հարկավոր։ Նրա կարծիքով՝ չիպային քարտերը այժմ բանկային ամենավստահելի քարտերն են։ «Դրանք պաշտպանված են եւ շատ ավելի անվտանգ են ու խոցելի են այնքանով, ինչքանով խոցելի է ցանկացած բան»,- ասաց բանկի վարչության նախագահի խորհրդականը։
«Անելիք» բանկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Աշոտ Մոսիկյանը, համեմատելով չիպային քարտերը մագնիսական ժապավենով քարտերի հետ, ասաց, որ չիպային քարտերը ավելի բարձր անվտանգության երաշխիք են տալիս։ «Տեխնիկական հնարավորությունները գնալով ավելի են զարգանում, եւ անվտանգության մակարդակը եւս բարձրանում է, սակայն այս պահին ոչ մեկ չի կարող ասել, որ չիպային քարտերը 100 տոկոսով անվտանգ են, մենք գնում ենք առաջ եւ ավելի անվտանգ արտադրանք աշխարհում դեռ կլինի»,- ասաց Ա. Մոսիկյանը։
Տեղեկացնենք որ, Քեմբրիջի համալսարանի գիտնականները չիպի հիման վրա բանկային քարտերի անձի հասատատման գործողությունում էական թերություն են հայտնաբերել եւ նույնիսկ ստեղծել են էլեկտրոնային սարքավորում, որը կարողանում է «խաբել» անձի նույնականացման համակարգը, ու հաջող կեղծ գործարքներ իրականացնել՝ չիպ- քարտերի միջոցով։ Տեղեկացնենք որ գիտնականների խոսքով, նման սարքի պատրաստման համար ընդամենը հարկավոր են ինժեներական եւ ծրագրավորման գիտելիքների տարրական իմացություն։




























