Իրանի ԱԳ փոխնախարարի կողմից այդ երկրում Ադրբեջանի դեսպանին բողոք նամակի հանձնումը իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճի հերթական փուլն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երեւանի պետհամալսարանի իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը: Նրա համոզմամբ՝ այդ լարվածությունը որոշ առումներով կապված է նաեւ «Թալիշստանի ռադիոյի» բացման հետ, որոնք եթեր է հեռարձակվում Շուշիից:
«Վերջերս ադրբեջանական կողմը նամակ է հղել իրանական դեսպանատանը եւ, որքան էլ զարմանալի լինի, նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Իրանի կառավարությանը՝ Շուշիում ռադիո բացելու համար»,-ասել է իրանագետը՝ հավելելով, որ ադրբեջանցիները Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հերթական փորձն են ձեռնարկել:
«Ընդհանուր առմամբ՝ եթե նայենք երկու երկրների միջեւ հարաբերություններին, կարելի է վստահաբար նշել, որ դրանք բարելավման հեռանկար չունեն: Իրանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող խնդիրները անքան բազմաթիվ են եւ խորը, որ անհնար է պատկերացնել դրանց բարիդրացիական հարաբերությունները»,-ընդգծել է Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ հավելել է, որ Իրանի անհանգստությունը կապված է հիմնականում Ադրբեջանի իրականացրած քաղաքականության հետ, մասնավորապես, Իրսայելի հետ համագործակցության առումով:
Հիշեցնենք, որ Իրանն Ադրբեջանին բողոքի նոտա է հղել «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» կոնֆերանս անցկացնելու հետ կապված, որում Իրանի նկատմամբ տարածքային պահանջներ են հնչել:



























