Այս պահին ավելի քան 30 մարդ հավաքվել է Նալբանդյան-23 հասցեում գտնվող «Արմավիա» ավիաընկերության» գրասենյակի մոտ եւ պահանջում է կամ իրենց գնած տոմսերը հետ վերցնել եւ փոխհատուցել, կամ փոխել դրանք եւ ապահովել թռիչքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ավիաընկերության շենքի մոտ հավաքվածներից մեկը` Ռոմիկը, ով պետք է մեկներ Մոսկվա:

«Մարդիկ կանգնած սպասում են, ոչ դուռ բացող կա, ոչ էլ ինչ-որ մեկը, որ գոնե մի սուտ ասի, թողնենք գնանք»,- նշեց նա:

Նա պատմեց, որ իրեն «Արմավիայում» հայտնել են, որ ապրիլի 1-ից չեն աշխատելու եւ ասել են, որ դիմի Նալբանդյան-23, որ տոմսը փոխեն, ուրիշ տոմս տան, որ թռնեն:

«Մի 30 հոգի ենք, կեսը գնացել են, հեսա հետ կգան, բոլորն էլ թռնող են, ո՞վ է մնացող էստեղ»,- ասաց նա:

Նրանք այժմ կանգնած են «Արմավիայի» գրասենյակի առաջ եւ սպասում են, որ ինչ-որ մեկը դուրս կգա, իրենց խնդրին լուծում կտա` կամ գումարը կտա, կամ տոմսերը կփոխի:

«Արմավիայի» գրասենյակի մոտ հավաքվածներին այդպես էլ ոչ ոք ոչ ընդունեց, ոչ էլ լսեց ավիաընկերությունում, այժմ նրանք հավաքվել են Կառավարության շենքի մոտ` ներկայացնելու իրենց պահանջը:

Նշենք, որ 1996թ. ստեղծված ընկերությունը օրեր առաջ հայտարարություն էր տարածել ապրիլի 1-ից չվերթները դադարեցնելու եւ սնանկության գործընթաց սկսելու մասին:

«Ավիացիան այն ոլորտն է, որտեղ չի կարելի կանգ առնել ձեռքբերումների վրա: Երեք տարվա ընթացքում «Արմավիա» ընկերությունը միջոցներ է ներդրել այլ բիզնեսներից «Արմավիա»-ի զարգացումը պահպանելու համար: Սակայն, այսօրվա դրությամբ, իրավիճակն այնպիսին է, որ այդկերպ աշխատանքը շարունակելու հնարավորություն չկա, ուստի որոշում է կայացվել դադարեցնել թռիչքներն ու սկսել սնանկության գործընթաց»,- ասվում էր ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունն ահռելի պարտքեր ունի ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանին եւ սեփական աշխատակիցներին, այլ նաեւ ռուսական ընկերություններին, մասնավորապես ռուսական օդանավակայաններին պարտք է մոտ 45 մլն ռուբլի: Մասնավորապես, «Վնուկովո» օդանավակայանին ընկերությունը պարտք է ավելի քան 44 մլն ռուբլի, իսկ Կրասնոդարի եւ Սոչիի օդանավակայաններին («Բազել Աէրո» հոլդինգ)՝ մոտ 900 հազար ռուբլի: Ռուսական ՎՏԲ բանկը «Արմավիա» եւ Միխայիլ Բաղդասարովին պատկանող մեկ այլ` Mika Limited ընկերությունների դեմ՝ 22 մլն դոլարի չափով հայց է ներկայացրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am