Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին կարծում է, որ Իրանում նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի գործողությունները Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված սադրանքների շարունակությունն է: Այդ մասին նա փետրվարի 19-ին ասել է Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հարցի, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ ընտրություններից հետո Իրանում սպանություններ, մահապատիժներ ու հալածանքներ սկսվեցին ընդդիմադիրների նկատմամբ:
«Եթե նայենք արդար դիտորդի աչքերով, տեղի ունեցածը շարունակությունն էր Արեւմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի սադրանքների: Պարզ էր, թե դրանք կազմակերպելով՝ ինչ նպատակ էին հետապնդում նրանք: Բարեբախտաբար այդ ուժերը ոչ մի արդյունքի չհասան: Նրանք փորձում էին բախում ու հեղափոխություն առաջ բերել Իրանում, բայց հարյուր հազարավոր իրանցիների մասնակցությամբ տեղի ունեցած ցույցերը ցույց տվեցին, որ ժողովուրդը սատարում է իշխանություններին»,- ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ 2009-ի հունիսի 12-ին Իրանում նախագահական ընտրություններից հետո բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան, որի մասնակիցները բողոքում էին ընտրությունները կեղծելու դեմ եւ պահանջում նոր ընտրություններ: Իշխանությունները դրան պատասխանեցին ուժով, որի արդյունքում սպանվեց մոտ 30 ցուցարար: Դրանից հետո սկսվեցին ընդդիմադիր գործիչների եւ բողոքի մասնակիցների զանգվածային ձերբակալություններ: Նրանցից որոշ մասը մինչ օրս բանտերում են, իսկ մի քանիսը ենթարկվել են մահապատժի:
Հարցին, թե որքանով են ճիշտ տեղեկությունները, թե Իրանի իշխանությունները մտադիր են ձերբակալել նաեւ ընդդիմության առաջնորդ Միր Մուսավիին, Սաղայանին պատասխանեց, որ Մուսավին ունի անվտանգության խումբ, որը պետական անվտանգության ծառայության մի մասն է, եւ նա ազատորեն զբաղվում է իր աշխատանքով:




























