Հնդիկ ինժեներները ներքնազգեստ են ստեղծել, որը կարող է բռնաբարության զոհին օգնել զինաթափել հանցագործին եւ ոստիկանություն կանչել, հայտնում է The Times of India թերթը:

SHE-i (Society Harnessing Equipment)ի հեղինակը Չենայի քաղաքի ավտոմոբիլային ինժեներների խումբն է: Նրանց գլխում գաղափարը ծագել էր Հնդկաստանի բնակչուհիների եւ զբոսաշրջուհիների վրա հասարակական տրանսպորտում, տներում եւ հյուրանոցներում մի շարք աղմակահարույց հարձակումներից հետո, հաղորդում է  NEWSru.com-ը:

Նախագծի հեղինակներից Մանիշա Մոհանը թերթին պատմել է, որ կանացի  նորարարական  ներքնազգեստը համալրված է GPS-ով եւ GSM-ով, ինչպես նաեւ ճնշման եւ էլեկտրահաղորդման սենսորներով, որոնք կարող են հաղորդել մինչեւ  3800 կՎտ լիցք:

Ըստ ստեղծողների՝ ներքնազգեստը պետք է սկզբում վախեցնի բռնաբարողին էլեկտրացնցմամբ, իսկ այնուհետեւ ոստիկանություն ազդանշան ուղարկի հանցագործության վայրի ճշգրիտ կոորդինատներով եւ SMS-հաղորդագրություն զոհի հարազատների  բջջայիններին:

Այս պաշտպանական ներքնազգեստի ձեւանմուշը մրցանակ է ստացել 2013թ. տեխնոլոգիական զարգացումների մրցույթում՝ Հնդկաստանի մենեջմենթի ինստիտուտում: Թերթը գրում է, որ արտադրանքը շուտով կհայտնվի խանութներում: 

Հիշեցնենք, որ Հնդկաստանում կանանց բռնության թեման հատկապես սուր հարձագանք է ստացել անցյալ տարվա դեկտեմբերին Դելիի ավտոբուսում 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարությունից հետո: