Հայաստանի կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է ՍԻրիայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ուղղված են այդ երկրում օրինական իշխանության տապալմանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Ես ամբողջությամբ կիսում եմ Իրանի ԱԳՆ մտահոգությունն այդ հարցում, ինչպես նաեւ Հայաստանին ուղղված կոչը, որպեսզի վերջինս եւս համապատասխան վերաբերմունք դրսեւորի Սիրիայում ստեղծված ճգնաժամի առնչությամբ»,-ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ Սիրիան Հայաստանի համար օտար երկիր չէ, որը դժվար պահերին եղել է հայ ժողովրդի կողքին: «Բացի այդ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ԱՄՆ սադրիչ գործողությունների հետեւանք է, այն սպառնում է նաեւ Իրանին, եւ Հայաստանը չի կարող մի կողմ քաշված մնալ»,-նշեց հայ կոմունիստների ղեկավարը, եւս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանի Կոմկուսը խստորեն դատապարտում է ցանկացած գործողություն, որն ուղղված է Սիրիայում օրինական իշխանության վերացմանը: