Լոնդոնի ուսումնական հաստատություններից մեկի ֆրանսիացի ուսանողուհի Անաիս Բորդյեն YouTube-ում տեսանյութի շնորհիվ գտել է իր երկվորյակ քրոջը: Կայքում դիտելով ԱՄՆ-ում նկարահանված փոքրիկ տեսանյութը, նա զարմացած բացահայտել է, որ դերասանուհիներից մեկը շատ նման է իրեն, հաղորդում է ABC News-ը:
25-ամյա աղջիկը ծնվել է Հարավային Կորեայում: Երեք ամսական հասակում Անաիսին որդեգրել է ֆրասիացի մի ընտանիք եւ ողջ կյանքում նա եղել է ընտանիքի միակ զավակը:
Տեսահոլովակը դիտելուց հետո Բորդյեն որոշել է ավելի շատ բան իմանալ Սամանթա Ֆութերման անունով խորհրդավոր անծանոթուհու մասին:
Ուսանողուհին էլի մի քանի ֆիլմեր է դիտել, որտեղ խաղում է Սամանթան, այդ թվում նաեւ «21 եւ ավելի» ֆիլմը: Բացի այդ, պարզվել է, որ ամերիկացի դերասանուհին նույնպես ծնվել է Կորեայում, համընկնում է նաեւ երկու աղջիկների ծննդյան ամսաթվերը՝ 1987 թվականի նոյեմբերի 19: Անաիսի խոսքով՝ իմանալավ այդ ամենը, նա հասկացել է, որ պետք է ամեն գնով կապ հաստատել Սամանթայի հետ: Անաիսը Facebook-ում գտել է Սամանթային եւ ընկերացել նրա հետ, գրում է Vesti.ru-ն:
Ներկայումս Բորդյեն եւ Ֆութերմանը միջոցներ են հավաքում ԴՆԹ թեստ անցկացնելու եւ Եվրոպայում իրենց հանդիպումը կազմակերպելու համար, որին կհրավիրվեն օպերատորներ՝ իրենց կյանքի ամենահիշարժան պահն անմահացնելու համար:
Նրանց հաշվարկով, դրա համար անհրաժեշտ է 30 հազար դոլար, սակայն արդեն հավաքվել է 35 հազար դոլար:




























