Google-ի եւ մի խումբ ամերիկյան այլ ընկերությունների վրա կատարված օնլայն հարձակումներն իրականացվել են Չինաստանում գտնվող երկու կրթական հաստատություններում գտնվող համակարգիչներից, որոնցից մեկը սերտորեն կապված է չինական ռազմական կառույցների հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է The New York Times-ը, հայտարարել են ԱՄՆ ազգային անվտանգության համակարգչային անվտանգության փորձագետները:
Նրանք նկատել են, որ հարձակումները, որոնց նպատակը եղել է մարդու իրավունքների չինացի պաշտպանների առեւտրային գաղտնիքների, համակարգչային գաղտնաբառերի եւ էլեկտրոնային փոստերի հասցեների հափշտակումը, սկսվել են անցած տարվա ապրիլին՝ շատ ավելի վաղ, քան Google-ը հայտարարել է հարձակումների մասին (2010թ. հունվարի 12):
Համակարգչային անվտանգության ամերիկյան մասնագետներին հաջողվել է մեծ դժվարությամբ հետեւել հարձակումների ուղղությանը՝ մինչեւ Չինաստանի երկու կրթական հաստատություն՝ Շանհայի Ջիաոտոնգ համալսարան եւ Լանգսիանգի պրոֆտեխնիկական ուսումնարան:
Հարձակման ենթարկված ամերիկյան ընկերություններից մեկի մասնագետները պնդում են նաեւ, որ իրենց հաջողվել է հետեւել աղբյուրին՝ մինչեւ ուսումնարանի կոնկրետ համակարգիչը, որի մոտ դասավանդում է ուկրաինացի մի պրոֆեսոր:
Ջիաոտոնգ համալսարանն ունի Չինաստանում համակարգչային տեխնոլոգիաների դասավանդման լավագույն փորձը: Մի քանի շաբաթ առաջ նրա ուսանողները հաղթել են ծրագրավորողների միջազգային մրցույթում՝ առաջ անցնելով Սթենֆորդի եւ այլ ճանաչված համալսարաններից:
Լանգսիանգը հանդիսանում է խոշորագույն պրոֆտեխուսումնարանը՝ հիմնված ռազմական գերատեսչությունների կողմից եւ պատրաստում է ռազմական ծրագրավորողների:
Որոշ ամերիկյան վերլուծաբաններ կարծում են, որ ուսումնարանը Չինաստանում օգտագործվում է որպես ծխածածկույթ՝ կառավարական գործողությունների համար:




























