Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը եւ Թուրքիան Իրանի մասնատման  համատեղ գործընթաց են սկսել: Այդ մասին այսօր` ապրիլի 6-ի մամուլի ասուլիսում հայտնել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:  

«Կարծում եմ, որ Ադրբեջան պետության ստեղծումն ուներ Իրանի մասնատման նպատակ: Դրան մեծապես նպաստել է Թուրքիան: Ցավոք, այն ժամանակ Իրանը ներուժ չուներ նման շինծու պետության առաջացմանը խանգարելու համար»,- նշել է իրանագետը:

Նա ընդգծել է, որ պարբերաբար տեղի են ունենում «Ադրբեջանի համաշխարհային կոնգրես» կազմակերպության նիստեր, որոնց ընթացքում բարձրացվում են թրքալեզու իրանական ադրբեջանցիների հարցերը: Ըստ նրա` վերջին տարիների իրադարձությունները ապացուցում են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունն Իրանի նկատմամբ աննախադեպ բնույթ է ձեռք բերել: «Եթե 2010-11թթ. Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ տարածքային պահանջները  ներկայացնում էր Ադրբեջանը լրատվամիջոցների կամ պատմաբանների օգնությամբ, ապա արդեն 2012թ. երկրորդ կեսից կարելի է նկատել, որ պահանջները մի քանի մակարդակով բարձրացել են եւ հնչում են արդեն պաշտոնատար անձանց կողմից»,- հայտնել է Արմեն Իսրայելյանը: