Իրանի Մեջլիսի պատգամավորները երկրի իշխանություններին առաջարկել են հանդե գալ Իրանում հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ, որի նպատակը Ադրբեջանի Հանրապետությունն Իրանի պետությանը միացնելն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, մամուլի ասուլիսում նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նրա համոզմամբ՝ իրանցի պատգամավորները դա հիմնավորում են մշակութային եւ կրոնական կապերով, որոնք գոյություն ունեն իրանցիների եւ թուրքալեզու ադրբեջանցիների միջեւ: «Բացի այդ, Իրանը շատ մեծ ազդեցություն ունի հարավային Ադրբեջանի աղքատ շրջանների վրա: Հաշվի առնելով այդ հանգամանքները, իրանական կողմը հայտարարել է, որ ադրբեջանցի ժողովուրդն ուզում է միավորվել Իրանի հետ»,-ասաց իրանագետն՝ ընդգծելով, որ դա կրել է քարոզչական բնույթ:

Արմեն Իսրայելյանը նաեւ հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունները չափից ավելի խիստ քաղաքականություն են վարում տեղի իսլամական ուժերի, հոգեւոր գործիչների նկատմամբ, ովքեր փորձում են նպաստել իսլամի տարածմանը, իսկ Իրանը, հակառակը, փորձում է ավելացնել իր ազդեցությունը նրանց վրա: