Տարածաշրջանային գործընթացներում Ադրբեջանի աննախադեպ աշխուժությունը, մասնավորապես Իրանի Ատրպատականի նկատմամբ քաղաքականության հարցում, 2-3 տարվա պատմություն ունի: Այդ մասին այսօր`  ապրիլի 6-ի  մամուլի ասուլիսում հայտնել է իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Ըստ նրա` վերջին ժամանակներում ավելի նկատելի է, որ ադրբեջանական կողմը հաճախ է նյարդային տրամադրված հարեւան պետությունների`  հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, որը պայմանավորված է ադրբեջանական իշխանությունների կողմից իրենց պետության միասնության պահպանման  համար տարածաշրջանային երեւույթների սպառնալիքի գիտակցմամբ: 

«Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովուրդների ազգային ինքնության հաստատման ուղղությամբ որոշակի միջոցառումներ իրականացնելուց անմիջապես հետո  երկրում խուճապ սկսվեց, եւ Ադրբեջանի իշխանություններն սկսեցին մեղադրել Հայաստանին, ԻԻՀ-ին, Ռուսաստանին, որոնք փորձում են ազգային գործոնն իրենց դեմ օգտագործել»,-  ընդգծել է Ռուդիկ Յարալյանը: Ըստ նրա համոզման`  Ադրբեջանը սկսել է ակտիվ գործել այդ ուղղությամբ, եւ մարտի 30-ին կայացած «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» անունը կրող գիտական կոնֆերանսն իրականում անցկացվել է Ադրբեջանի իշխանությունների անմիջական աջակցությամբ:  «Դա վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է Իրանի հյուսիս-արեւմտյան հատվածի երեք նահանգների յուրացման քաղաքականություն` Արեւմտյան Ատրպատական, Արեւելյան Ատրպատական եւ Արդաբիլ»,- եզրակացրել է իրանագետը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԻԻՀ-ն Ադրբեջանի Հանրապետությանը  բողոքի նոտա էր ներկայացրել` ուղղված «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» կոնֆերանսի դեմ: Կոնֆերանսը տեղի էր ունեցել մարտի 30-ին Բաքվում` Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատի աջակցությամբ: