Ալմաթիում այսօր` ապրիլի 6-ին, ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը՝ Թեհրանի եւ «վեցնյակի» միջեւ: Կողմերը ներկայացրել են խնդրի լուծման իրենց տարբերակները, սակայն որեւէ համաձայնության չեն եկել:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով` իրանական կողմի առաջարկության մեջ «որոշակի չափով հաշվի է առնվել «վեցնյակի» մոտեցումը, եւ համենայն դեպս կողմերը նշանակալիորեն առաջ են գնացել խնդրի քննարկման հարցում: Թեեւ նկատելի առաջընթացին` Մոսկվան ցավում է, որ բանակցություններում համաձայնության չեն հանգել:

«Կողմերը կենտրոնացել են վստահության ամրապնդման վերաբերյալ գլխավոր հարցերի վրա եւ սա լուրջ արդյունք է: Գործընթացի եւ բանակցային մթնոլորտի ձեւավորման տեսանկյունից շատ առաջ են գնացել, սակայն դիրքորոշումները նախկինի պես չեն համընկնում, դժվար է ընդհանուր շփման եզրեր գտնել: Հուսով ենք, որ նոր բանակցությունների տեղն ու ամսաթիվը կորոշվի մոտ ապագայում: «Վեցնյակի»` Իրանի հետ  ընթացիկ բանակցությունների ժամանակ, անխոս, առաջընթաց է նկատվել»,- դիվանագետի խոսքը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: