Դեռ անցած տարի հայտարարություն էր արվել այն մասին, որ Ադրբեջանի հարավային շրջաններում Իսրայելի օգնությամբ վերականգնվել էր օդնավակայանը եւ ռազմական կոնտինգենտ է տեղակայվել, ինչը, բնականաբար, ուղղված է Իրանի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը` անդրադառնալով Ադրբեջանում ամերիկացի եւ իսրայելցի զինվորակնների կենտրոնացմանը:
«Թեեւ Ադրբեջանի հայտարարությանը, թե Իսրայելից գնված ռազմական տեխնիկան կօգտագործվի Հայաստանի դեմ պատերազմում, այդ տեխնիկայի տեսակների վերլուծությունից պարզ է, որ հեռանկարում դրանք կուղղվեն Իրանի դեմ»,-նշեց իրանագետը:
Նրա խոսքով, եթե վերլուծվի ռազմածովային ինչ սպառազինություններ, հակաբալիստիկ հրթիռներ են ձեռք բերվել Իսրայելից եւ հաշվի առնվի փաստը, որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, ինչպես նաեւ Ադրբեջանից այնքան էլ հեռու չէ, ապա հեշտությամբ կարելի է եզրակացնել, որ դրանք ուղղված են Իրանի դեմ: «Վերջին շրջանում իսրայելական արտադրության անօդաչու սարքերը հետախուզական գործողություններ են իրականացնում Իրանի տարածքում»,-նշեց Իսրայելյանը` ընդգծելով, որ ինչպես ցամաքային, այնպես էլ օդային եւ տեղեկատվական առումով Իսրայելը շատ ակտիվ աշխատում է Ադրբեջանի հետ, եւ բնականաբար, դա անհանգստացնում է նաեւ Իրանին:
Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, նախօրեին ամերիկյան WNWI օնլայն ռադիոն հաղորդել է, որ Ադրբեջանում ամերիկյան եւ իսրայելյան զորքի կենտրոնացում է նկատվում: «Իսրայելն ու Ամերիկան Ադրբեջանում էլեկտրոնային հետախուզության կայան են հիմնել` Իրանում իրավիճակին հետեւելու նպատակով: Համաձայն վերլուծաբանների վկայությունների եւ վերլուծությունների` Իրանի վրա հարձակման դեպքում Իսրայելը կօգտագործի Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքները: Դրա համար Իսրայելն այդ երկրները ներգրավում է իր ռազմական զորավարժությունների մեջ»,- ասվել է հաղորդագրության մեջ: Ռադիոն հաստատել է, որ Իսրայելն Ադրբեջանում զգալի ռազմաօդային ուժ է կենտրոնացրել:




























