Հայաստանում Apple ընկերության iPad պլանշետ տիպի համակարգիչները կսկեն վաճառվել ապրիլ ամսվա վերջում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրեց Apple-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը՝ նշելով, որ iPad-ների վաճառքն ԱՄՆ-ում սկսվելու է մարտի վերջին։ «Նախատեսում ենք iPad-ների վաճառքը կամ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին սկսել»,-ասաց նա` ավելացնելով, որ Հայաստանն արդեն նաեւ Apple-ի iPhone-ների iTunes Store ծրագրային ապահովման ցանցի լիարժեք անդամ է դարձել, այսինքն, մասնավորապես՝ iPhone-ների ծրագրերի օգտագործման կապակցությամբ խնդիրներ չեն լինի։
Հիշեցնենք, որ Apple-ի սեփականատեր Սթիվ Ջոբսը iPad-ը ներկայացրեց այս տարվա հունվար ամսին, որից հետո մի շարք ընկերություններ սկսեցին հայտարարել, որ մտադիր են սեփական նմանատիպ արտադրանքը ստեղծել։ Իսկ բջջային հեռախոսների շուկայում iPhone-ների պատճառով տեղի ունեցած հեռախոսների վաճառքի նվազման պատճառով, օրերս աշխարհի 28 խոշոր հեռահաղորդակցման եւ ծրագրային ապահովությամբ զբաղվող ընկերություններ հայտարարեցին, որ համատեղ ճակատ են բացում Apple ընկերության դեմ, որպեսզի դուրս նետեն նրան բջջային հեռախոսների եւ ծրագրային ապահովման շուկայից։ Ըստ երեւույթին սա է պատճառներից մեկը, որ Apple-ը Հայաստանը եւ շուրջ մեկ տասնյակից ավելի երկրներ արագ կարգով ընդգրկել է iTunes Store ծրագրային ապահովման համակարգ։




























