Ուկրիանական Femen շարժման ակտիվիստուհիները մինչեւ գոտկատեղը մերկացել են Վլադիմիր Պուտինի եւ Անգելա Մերկելի առջեւ, երբ վերջիններս Հաննովերի տոնավաճառում դիտում էին Volkswagen-ի սթենդը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», աղջիկներին հաջողվել է հաղթահարել սահմանափակումները եւ ընդհուպ մոտենալ քաղաքական գործիչներին: Նրանցից մեկի մեջքին գրված է եղել «Պուտին, գնա դու...»: Բացի այդ, աղջիկներն անգլերենով հայհոյական կարգախոսներ են բղավել: «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնել է, որ աղջիկները նաեւ ռուսերեն հայհոյանքներ են հնչեցրել: Թիկնապահ ծառայության աշխատակիցներն անմիջապես ձերբակալել են ակտիվիստուհիներին:

Պետության ղեկավարներն ուշադրություն չդարձնելով Femen-ի աղջիկների վրա, հանգիստ անցել են մյուս տաղավար, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ:

Սակայն, ըստ NEWSru.com-ի, եթե դատելու լինենք լուսանկարներից, ապա ակնհայտ է դառնում, որ քաղաքական գործիչները ակցիան նկատել են եւ շատ ակտիվորեն արձագանքել:

Լուսանկարներում երեւում է, որ ֆրաու Մերկելը ոչ միայն նկատել է ակտիվիստուհուն, այլեւ տհաճորեն զարմացել է: Նրան նկատել է նաեւ Պուտինը, ով «ըստ աժանվույն» գնահատել է նրան՝ վեր տնկելով բութ մատները: