Մարտի 1-ից Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում շրջանավարտներին կսովորեցնեն դասախոսի հմտություններ, իսկ նրանցից լավագույնները հետագայում կդասավանդեն նույն կենտրոնի ուսանողներին։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ կապալառու (USAID CAPS) ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը՝ ավելացնելով, որ ծրագրի գումարը՝ մոտ 30 հազար դոլարը, արդեն տրամադրվել է։
«Ապագա դասախոսներին դասավանդելու են երեւանյան տարբեր կազմակերպությունների փորձառու եւ որակյալ մասնագետներ, որն իրականում թանկ հաճույք է»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրի շնորհիվ ավելի արդյունավետ կդառնա ապագա մասնագետների պատրաստումը, եւ այլեւս Երեւանից դասախոսներ ստիպված չեն լինի գնալ Գյումրի՝ դասավանդելու։
«Այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի խնայել տրանսպորտի, կացարանի եւ այլ ծախսեր, իսկ կրթությունը կդառնա ավելի արդյունավետ, քանի որ կենտրոնում կդասավանդեն արդեն մշտական դասախոսներ, հետեւաբար, այս ամենի շնորհիվ կրթության արդյունավետությունը էլ ավելի կբարձրանա»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ այն կտեւի մոտ 6 ամիս, արդյունքում կընտրվեն լավագույնները որոնք էլ հետագայում կդասավանդեն։
Տեղեկացնենք, որ ծրագրի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները դասընթացի ավարտից հետո պետք է մնան եւ աշխատեն Գյումրիում, ինչը կարող է նպաստել նաեւ Գյումրիում start-up ընկերությունների ստեղծմանը։




























