Թուրքական ոստիկանությունը ապրիլի 8-ին ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել է բազմահազարանոց հանրահավաքը Ստամբուլի արվարձանում` ի պաշտպանություն «Էրգենեկոնի» գործով մեղադրվողների, որոնք մեղադրվում են 2003թ. Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը տապալելու փորձի մեջ:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցում, իսկ հանրահավաքը նվիրված է այսօր կայանալիք նիստին, որի ընթացքում կհնչեն փաստաբանների ամփոփիչ ելույթներն ու ամբաստանյալների վերջին խոսքը: Ակցիայի ժամանակ բախումներ են սսկվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
«Էրգենեկոնի» գործով անցնում է մոտ 400 մարդ` քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, դասախոսներ, պաշտոնաթող եւ գործող զինվորականներ, ոստիկաններ: Նրանց նկատմամբ դատավարությունն ընթանում է 2007 թվականից: Թուրքական ընդդիմությունն ի սկզբանե «Էրգենեկոնի» գործը «վհուկների որս» է անվանել:
Սիլիվրի արվարձանում այսօրվա ակցիային ոստիկանները անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկել, սակայն բազմությունը ճեղքել է արգելապատնեշը: Բախումները շարունակվում են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:











