Curiosity մարսագնացը մնացել է առանց Երկրի հետ կապի, քանի որ Մարսն այսօր անցնում է Արեգակի ետեւով: Հարկադիր ընդմիջումը կտեւի մինչեւ մայիսի սկիզբ:
«Մարսի 237-րդ օրը )հաշվարկվում է առաքելության սկզբից) մոլորակի` Արեգակի ետեւն անցնելու պատճառով դադարեցվել են կապի սեանսները: Գիտական խումբը վայելում է վաստակած հանգիստը երկու ամիս տեւած ծանր աշխատանքից հետո»,- Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախագծի գիտական ղեկավար Ջոն Գրոտցինգերը: Նրա խոսքով, կապի ընդհատումը, որ կտեւի մոտ 28 օր, գիտնականները կօգտագործեն հավաքված տեղեկությունների վերլուծման եւ հոդվածներ գրելու համար:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», այն ժամանակ, երբ Մարսը գտնվում է Արեգակի ետեւում, ռադիոազդանշանը խափանվում է արեւի ճառագայթների պատճառով: Այդ ընթացքում, ըստ Գրոտցինգերի, մարսագնացի վրա պասիվ ռեժիմով աշխատելու են RAD դոզաչափը, նաեւ REMS օդերեւութաբանական կայանը, որ ստեղծել են իսպանացի գիտնականները` Մարս մոլորակի ջերմաստիճանի, խոնավության եւ ճնշման չափման համար:




























