Իրանը սկսել է ուրանի նոր հանքեր մշակել եւ Միջուկային տեխնոլոգիայի ազգային օրվա պատվին նոր գործարան է բացել: Նոր համալիրի բացման արարողությանը մասնակցել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդել է Թեհրանի հեռուստատեսությունը:
Երկու հանքերն էլ գտնվում են Սագանդայում` Արդաքանում բացված նոր համալիրից 100 կիլոմետր հեռավորության վրա: Համալիրը կարող է տարեկան 60 տոննա ուրանի կոնցենտրատ արտադրել, որն այնուհետեւ կօգտագործվի հարստացված ուրանի արտադրման համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արդաքան քաղաքի վարչակազմի ղեկավարի խոսքով` ուրանը կստանան 350 մետր խորության վրա, իսկ հետո այն կտեղափոխեն մշակման համալիր` «դեղին կեկի» արտադրության համար, որն ուրանի օքսիդի քիմիական կոնցետրատ է` հագեցած ուրանի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչ, որն էլ իր հերթին կարող է օգտագործվել ինչպես ատոմային էներգետիկայի մեջ, այնպես էլ` միջուկային զենք ստեղծելու համար: Համալիրը կկրի 2011 թվականին սպանված իրանցի գիտնական միջուկագետ Դարյուշ Ռեզաինեջադի անունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:




























