Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը հանդես է եկել կայքում գրաքննության դեմ եւ հայտարարել, որ նախընտրում է կայքն արգելափակված տեսնել, քան համագործակցել գրաքննողների հետ:
«Ես կարծում եմ, որ արգելափակումը միշտ ավելի նախընտրելի է գրաքննիչներին զիջումներ անելուց: Կարեւոր է հասկանալ, որ կայքի ամբողջությամբ արգելափակված լինելու վախը հիմնված է մտավախությունների վրա, որ որոշ (ենթադրաբար ոչ մեծ) ինտերնետ-պրովայդերներ տեխնիկական պատճառներով չեն կարող արգելափակել որոշ էջեր եւ ստիպված կլինեն ամբողջությամբ արգելել կայքի հասանելիությունը»,-Վիքիպեդիայի պաշտոնական ֆորումում գրել է կայքի հիմնադիրը:
Ուելսի խոսքով՝ այն պրովայդերները, ովքեր կարգելափակեն ողջ կայքը, ոչ թե նրա առանձին էջերը, շատ արագ կկորցնեն իրենց հաճախորդներին: «Մենք թույլ չենք, մենք շատ ուժեղ ենք: Թույլ ու վախկոտ քաղաքական գործիչների պահանջները սպասարկելը, ովքեր վախենում են գիտելիքի տարածումից, Վիքիպեդիայի ուղին չէ»,-հայտարարել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նշենք, որ նախորդ շաբաթ ռուսական Վիքիպեդիայի ներկայացուցիչները հրապարակել են «Ռոսկոմնադզորի» հաղորդագրությունը՝ «Կանեփ ծխելը» հոդվածը կայքերի «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին եւ Վիքիպեդիայի հեղինակների ընկերակցությունը որոշել է խմբագրել վիճելի հոդվածը, ոչ թե հեռացնել այն:




























