Իրանի փրկարարները առնվազն 20 դիակ են դուրս բերել Խորմուջ քաղաքի շինությունների փլատակների տակից, որտեղ այսօր` ապրիլի 9-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Համաձայն տեղի իշխանությունների տեղեկությունների` տուժածների թիվը հարյուրների է հասնում, սակայն հստակ տվյալներ դեռ չկան:

Խորմուջ քաղաքը տեղակայված է երկրաշարժի էպիկենտրոնից 35 կիլոմետր հեռավորության վրա: Ուժեղ ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ մոտակա Բուշեր քաղաքում, որի շրջակայքում գտնվում է նույնանուն ատոմային էլեկտրակայանը , որը կառուցվել է ռուս մասնագետների հետ համագործակցությամբ, հայտարարել է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով AFP-ը: Ավելի վաղ հայտարարվել է, որ այս կառույցի կարող է դիմակայել մինչեւ  9 մագնիտուդ երկրաշարժի, դրա համար ԱԷԿ-ը ոչ մի էական վնաս չի կրել եւ աշխատում է նախկին կարգով:

Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` տուժածների թիվը հասել է 650-ի: Գործակալությունը` վկայակոչելով IRNA-ն, հաղորդել է, որ Իրանի հարավային երեք քաղաք գրեթե ամբողջությամբ ավերվել են, հատկապես տուժել է 10 հազար բնակչություն ունեցող Կակի քաղաքը, վնասներ են կրել նաեւ Խորմուջ եւ Կենգան քաղաքները: Նրանցում բնակվում են համապատասխանաբար  30 հազար եւ ավելի քան 20 հազար մարդ: Փրկարարական ծառայության ներկայացուցիչը գործակալությանը հաղորդել է նաեւ, որ ամբողջովին ավերվել են Խորմուջ քաղաքի մոտ գտնվող եւ մոտ 3 հազար բնակչություն ունեցող երկու գյուղ: