ԱՄՆ Ջորջիա նահանգի Institute of Technology ինստիտուտի առաջին կուրսի ուսանողը ձվերի ոչնչացման ռեկորդ է սահմանել։ Ընդամենը մեկ րոպեում նա գլխով ջարդել է 142 ձու։ Այս ձեռքբերմանը հասնելու համար ամերիկացուն մի քանի տարի է անհրաժեշտ եղել։
Ինչպես գրում է Caller-ը, դեռեւս 2011 թվականին Սքոթ Դեյմրոուն ու King High School-ից նրա համադասարանցիները որոշել են, որ անպայման, ցանկացած գնով պետք է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվեն։ Մի քանի ամսվա ընթացքում նրանք համառ կերպով մասնակցել են հնարավոր բոլոր մրցումներին, սակայն՝ անհաջող, գրում է «Վեստի.ռու»-ն։
Մեկ տարի անց շոուի ներկայացուցիչները Սքոթին ներկայացրել են ռեկորդների ցանկը, որոնց նա կարող է ձգտել։ Այդ ամենից երիտասարդն ընտրել է սեփական գլխով ձվեր ջարդելը։
Չվհատվող ամերիկացին սկսել է պարապել՝ որպես «մարտի դաշտ» օգտագործելով մոր ռեստորանի երկար սեղանը։ Արդյունքում 2013 թվականի մարտի կեսերին նրան հաջողվել է 60 վայրկյանում կոտրել 142 ձու։ Բացարձակ երջանիկ պատանու հաղթանակը տեսել են ազգային հեռուստատեսության հարյուր հազարավոր հանդիսատեսներ։











