ԱՄՆ Ինդիանա նահանգի Բլումինգթոն քաղաքի անտուն բնակչի ժպտացել է բախտը եւ նա վիճակախաղով 50 հազար դոլար է շահել: Այդ գումարը 58-ամյա Դենիս Մաուրինին թույլ կտար արժանապատիվ կյանք սկսել, սակայն նա նախընտրել է մնալ փողոցում՝ իր վրանի տակ, հաղորդում է The Metro-ն:
Մաուրինը փողոցում է ապրում 1978 թվականից: Այս տարվա ապրիլի սկզբին նա 3 դոլար է ծախսել վիճակախաղի տոմս գնելու համար, որը ձեռք է բերել բենզալցակայանում: Նա մտածել է, թե հազար դոլար շահել, բայց գանձապահուհին նրան բացատրել է, որ շահումը 50 հազար դոլար է, հաղորդում է Vesti.ru-ն:
Նա հայտարարել է, որ փողոցում ապրելն իր բնույթի անբաժանելի մասն է եւ ինքը ոչ մի սենթ չի ծախսի բնակարան գնելու վրա: Մաուրինը նշել է, որ «երջանիկ է, որքանով դա հնարավոր է» եւ հավելել, որ, ամենայն հավանականությամբ, նոր վրան կգնի:
Բոլոր հարկերը վճարելուց հետո անտուն բնակչի ձեռքին մնացել է 35 հազար դոլար: Նա հայտարարել է, որ նախատեսում է բուժել ատամները, այցելել որդուն, ինչպես նաեւ իր գումարից 100-ական դոլար կբաժանի իր անտուն ընկերներին:
Մնացած գումարը Դենիսը բանկում կպահի:











