Ասելով, որ Իրանն ընդհանուր սահման ունի Լեռնային Ղարաբաղի հետ, Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանին թերեւս նկատի ուներ Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական տարածքը, որի կազմում ընդգրկված են ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, այլեւ հարակից տարածքները, որոնք անվանվում են անվտանգության գոտի կամ ազատագրված տարածքներ, որ ընդհանուր առմամբ մտնում են Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական հասկացության մեջ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅ Դաշնակցության Հայ Դատի եւ քաղաքական հարցրեի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Շատ երկրներ ուղղակի չգիտեն դա, կամ գիտեն, բայց չեն ցանկանում խոստովանել, բայց Իրանը, որպես սահմանամերձ երկիր, լավ գիտի դա եւ չի վախենում բաց արտահայտվել: Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել ԻԻՀ դեսպանի խոսքերը, թե Իրանը, որպես Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից երկիր, դեմ է իր սահմանների մոտ միջազգային խաղաղարարների տեղակայմանը: Դեսպանն ուղղակի բարձրաձայնել է պաշտոնական Թեհրանի տեսակետը»,- հայտարարել է Մանոյանը: