ԱՄՆ Մեյն նահանգի Սենատն ու ներկայացուցիչների պալատն, այսօր՝ ապրիլի 10-ին, համատեղ բանաձեւ են ընդունել, որով ճանաչել են Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հաղորդում է Armenian Weekly-ն:
Բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին «աջակցել ԼՂՀ-ի ժողովրդավարական անկախությունը» եւ նպաստել ԼՂՀ-ի կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերի ոլորտ, մինչեւ ռազմակավարական կարեւորության այդ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը:
Բանաձեւի նախաձեռնողը կոնգրեսական Սքոթ Համանն է՝ Ներկայացուցիչների պալատի անդամներ Էնդրյու Գաթինի եւ Սարա Գիդեոնի աջակցությամբ:
Բանաձեւում, մասնավորապես, ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը անկլավ է Հարավային Կովկասում եւ հայկական պատմական տարածք, որի բնակչության մեծ մասը հայեր են: Բռնապետ Իոսիֆ Ստալինը 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը հանձնել է Խորհրդային Ադրբեջանի ենթակայությանը: 1988 թվականի փետրվարի 20-ին Ղարաբաղում ազգային ազատագրական շարժում սկսվեց, որը ոգեւորեց ժողովրդին ողջ Խորհրդային Միությունում ընդդեմ բռնապետության եւ հանուն իրենց իրավունքների եւ ազատությունների՝ օգնելով ժողովրդավարության առաջընթացին ողջ աշխարհում:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ընտրված մարմինը հայտարարեց ԼՂՀ-ի ստեղծման մասին: 1991-ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղը համընդհանուր հանրաքվեով անկախացավ: Դրան ի պատասխան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեց ԼՂՀ-ի դեմ՝ նպատակ ունենալով ճնշել ազատագրական շարժումը ԼՂՀ-ում: Ագրեսիան ավարտվեց 1994-ին հրադադարի համաձայնագիր կնքելով:
ԼՂՀ-ն ժողովրդավարական պետություն է կառուցել՝ ազատ շուկայական հարաբերություններով եւ ակտիվ քաղաքացիական հասարակությամբ: ԼՂՀ-ում մի քանի անգամ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվել են որպես ազատ եւ արդար:
Նշենք, որ ավելի վաղ նման բանաձեւեր են ընդունվել ԱՄՆ Մասաչուսեթս եւ Ռոդ Այլենդի նահանգների կողմից:




























