Դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Հայաստան Հակոբյանը, դիմել է NEWS.am-ի խմբագրությանը` խնդրելով բարձրաձայնել իր ամուսնու հետ կապված խնդիրները:

Վերջինիս՝ մեզ ուղարկված նամակում նշվում է, որ ամուսինը` Արտակ Հակոբյանը 2012թ դեկտեմբերի 27-ից մինչ օրս գտնվում է պատժախցում: Նա նախ գտնվում էր «Հրազդան» ՔԿՀ-ում, բայց 2013թ փետրվարի 11-ին տեղափոխել են «Արթիկ» ՔԿՀ  եւ մինչ այսօր անօրինական պահում են պատժախցում, որտեղ չկա ջուր, լուսամուտ, սանհանգույց: «Հաշվի չառնելով ամուսնուս սրտի եւ նյարդերի հետ կապված հիվանդությունները, տալիս են միայն հոգեմետ դեղորայք, որը նա չի խմում: Ապրիլի 2-ին այցելել եմ ամուսնուս տեսակցության եւ տեսել եմ նրա վատ վիճակը` թեւը վնասված, ոտքը վնասված»,- գրել է կինը:

Հայաստան Հակոբյանը նաեւ տեղեկացրել է, որ բազմիցս դիմել են «Արթիկ» ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ Արտակ Հակոբյանը պատիժը կրի ոչ թե պատժախցում, այլ բանտախցում, սակայն մերժել են` պատճառաբանելով, որ «քեզ պահում ենք մեկուսի, որովհետեւ դու դյուրագրգիռ ես, վնասող»: Կինը նշում է, որ 3 ամիս է ամուսնուն պահում են մեկուսարանում, այդ պատճառով էլ վերջինս դիմում է ծայրահեղ քայլերի, վնասում է իրեն, ջրադուլ է անում եւ այլն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը նշեց, որ նամակում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա պարզաբանեց, որ Արտակ Հակոբյանը գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ում, պատժախցում չէ եւ բնականաբար, պատժախցի պայմանները տարբերվում են մեկուսարանի պայմաններից, այնտեղ մնում են առավելագույնը 15 օր:

Գոռ Ղլեչյանը նաեւ նշեց, որ դատպարատյալը մի քանի անգամ տարբեր լրատվամիջոցներով փորձել է  իրականությանը չհամապատասխանող

նմանատիպ նամակներով անօրինական պահանջներ ներկայացնել այն ՔԿՀ-ի ղեկավարությանը, որտեղ գտնվում է, մի օր ցանկանում է տեղափոխվել այլ ՔԿՀ,  մի օր խուցը դուրը չի գալիս եւ այդպես շարունակ:

Ի դեպ, Արտակ Հակոբյանը նախկինում երկու անգամ  դատապարտված է եղել: Արաբկիր եւ Քաբաքեռ-Զեյթուն վարչական շրջւանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2011թ մարտի 29-ին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով: Նա մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով`  ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 1-ին մաս (յուրացնել կամ վատնել), 182-րդ հոդվածի 1-ին մաս (շորթում), 176-րդ հոդվածի 1-ին մաս (կողոպուտ), 258-րդ հոդվածի 2-րդ մաս (խուլիգանություն), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3 կետեր` (խարդախություն), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (ազառությունից ապօրինի մարդուն զրկել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով):

Գոռ Ղլեչյանը նաեւ նշեց, որ պատիժը կրելու ընթացքում 22 անգամ ենթարկվել է  տարբեր կարգպահական տույժերի, նկատողությունների, պատժախցերի: Դատապարտյալը սկզբից բողոքում էր, որ սրտի հիվանդություն ունի, որը չի հաստատվել բժիշկների կողմից, իսկ 2011թ սեպտեմբերի 29-ին «Դատարապտյալների հիվանդանոց» ՔԿՀ գլխավոր մանսագետի կողմից  Արտակ Հակոբյանին խորհրդատվություն է կատարվել, որի ժամանակ գանգատվել է  դյուրագրգռվածությունից, լարվածությունից, քնի խանգարումից: Բժշկական քարտի համաձայն` դատապարատյալը երբեմն դառնում է կոնֆլիկտային, վարքը` անկառավարելի, նրա մոտ ախտորոշվել է անձի հուզական անկայություն խանգարում, նշանակվել է դեղորայքային բուժում, ինչը ստացել է: